Մեծարգո՛ պարոն վարչապետ,
Ես՝ Արմեն Բադալյանս, «Համահայկական կոնգրես» բարեգործական հասարակական կազմակերպության (https://panarm.info/) նախագահն եմ։ Կազմակերպությունը Հայաստանի ու Սփյուռքի նվիրյալ հայերի կոնսորցիումային համախմբմամբ Հայաստանում իրականացնում է «Էկոավանների կառուցապատման ծրագիր»՝ մասնավոր սոցիալական բնակարանաշինության նախագիծ։
Մինչև օրս մեր կողմից կառուցվել է 2 էկոավան՝ Գյումրիում և Պռոշյանում․
Երբ Ձեր կողմից հայտարարվեց «Ակադեմիական քաղաք» կառուցելու նախագծի մասին և հստակեցվեց կառուցապատման տեղանքը, մենք, ոգևորված լինելով այդ գաղափարով, նշված գոտու հարևանությամբ հողատարածքներ գնեցինք՝ էկոավան կառուցելու մտադրությամբ։ Ապագա «Ակադեմիական քաղաքի» հյուսիսային մասում մենք կառուցեցինք Պռոշյանի էկոավանը, իսկ արևմտյան մասում կառուցվելու է «Դրոշ» էկոավանը։
Սասունիկ-Մերձավան բնակավայրերի հատման գոտում գնեցինք մասնավորից 18 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողակտոր։ Այդ հատվածում գյուղատնտեսական գործունեությունը ծայրահեղ անբարենպաստ է, հարակից ոչ մի տարածքում գյուղատնտեսություն չի զարգանում։ Ակնհայտ է, որ հողատարածքն առավել նպաստավոր է որպես նոր բնակավայր ձևավորելու համար։
Սոցիալական բնակարանաշինության մեր կողմից ներկայացված նախագիծը կազմված էր 53 քմ մակերեսով երկհարկանի թաունհաուսներից (տեսանյութում դրա նախագիծն է), որոնք ՀՀ քաղաքացիները կարող են գնել սկսած 9 մլն դրամով՝ առանց վարկավորման, առանց հավելյալ տոկոսների, ամսական 150 հազար դրամի չափ վճարումներով։
Ծրագրից ցանկություն ունեն օգտվելու առավելապես այն քաղաքացիները, ովքեր բնակարան ունենալու այլ տարբերակ ուղղակի չունեն՝ հաշվի առնելով հիփոթեքային վարկավորման բարձր տոկոսները և շուկայում բնակարանների աստղաբաշխական գները։
Նախագիծը Հայաստանի բնակչության շրջանակներում մեծ արձագանք ստացավ։ Մի քանի ամսվա ընթացքում մեզ պաշտոնապես (առցանց հայտով) դիմեցին շուրջ 50 հազար ընտանիքներ, որոնցից որպես շահառուներ այս պահին առանձնացված են 1400-ը։ Էկոավանում նախատեսվում է կառուցելու 1500 բնակարան։ Ակնհայտ է, որ նախագիծը ոչ թե ներդրումային ուռճացված արժեքով գույք է, այլ կոնկրետ բնակարանային խնդիր լուծող ծրագիր, իսկ ապագա շահառուները ձեռք են բերում բնակարան, որտեղ ապրելու են։
2024 թվականի հունիսին նախագիծը ներկայացրել ենք Աշտարակի համայնքապետարան հողատարածքի կարգավիճակի փոփոխության համար։ Բնակավայրի գլխավոր հատակագծի փոփոխության քաղաքաշինական առաջարկությունների վերաբերյալ պատաասխանատու բոլոր գերատեսչություններից միայն ՀՀ Կադաստրի կոմիտեն է առարկություն հայտնել, այսպես՝
«Քննարկվող հողամասերը գտնվում են գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերի գոտում և այլ նպատակային նշանակությամբ օգտագործելու դեպքում կարող են խոչընդոտ հանդիսանալ գյուղատնտեսական հողերի արդյունավետ օգտագործման համար, ինչը կհակասի նաև ՀՀ կառավարության 2020 թվականի հունվարի 23-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման հայեցակարգը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 68-Լ որոշման դրույթներին: Ելնելով վերոգրյալից՝ նպատակային նշանակության փոփոխությունը համարում ենք ոչ նպատակահարմար։»
ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար, գրություն, ՍԹ/16976-2024
Այս պատասխանն անհիմն է, քանի որ ՀՀ կառավարությունը հարակից գոտում իրականացնելու է խոշորածավալ կառուցապատման աշխատանքներ։ Մենք հատուկ պարզաբանում ենք ներկայացրել, որ իրականացվելիք նախագիծը սոցիալական բնակարանաշինության ծրագիր է, որը ՀՀ բնակչության շրջանում մեծ պահանջարկ ունի։
Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչները հասկացան, որ իրենց պատասխանն անհիմն է և երկրորդ անգամ արդեն մերժման այլ հիմնավորում տվեցին, այսպես՝
«․․․ Կադաստրի կոմինտեն իր դիրքորոշումը տրամադրել է 2024թ․ հոկտեմբերի 16-ի N ՍԹ/16976-2024 գրությամբ։ Միաժամանակ առաջարկում ենք հողամասի նպատակային նշանակության փոփոխությանն անդրադառնալ «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի հաստատման գործընթացի ավարտից հետո։»
ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար, գրություն N ՍԹ/20846-2024
Նշենք նաև, որ «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագիծը հստակ էր դեռ 2024 թվականի առաջին կեսից (Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը պատրաստ է — https://escs.am/am/news/23362), այսինքն Կադաստրի կոմիտեի այս փաստարկն ուղղակի ժամանակի անհիմն ձգձգում է, սակայն հաշվի առեք, որ մեր շահառուների զգալի մեծամասնությունը վարձով է բնակվում և իրենց բնակարանների հարցի օր առաջ լուծումը հույժ կարևոր սոցիալական նշանակություն ունի։
Պարո՛ն վարչապետ, Կադաստր կոմիտեի այս դիտարկումներն անհիմն են ու ոչ կառուցողական։ Քանի որ ՀՀ Կադաստրի կոմիտեն Ձեր ենթակայության տակ գործող կառույց է, խնդրում եմ Ձեր միջնորդությունը մեզ հուզող հարցին օպերատիվ լուծում տալու համար։
Նշեմ նաև, որ սա դեռ միայն մեր կողմից Հայաստանում իրականացվելիք նախագծերի փոքր մասն է։ Մենք պլանավորում ենք սոցիալական բնակարանաշինության և սոցիալական ձեռներեցության զարգացման ուղղությամբ մեծ ներդրումներ իրականացնելու, սակայն մինչ օրս մեր կողմից իրականացված բոլոր նախագծերը բախվել են միայն մեկ խոչընդոտի՝ պետական կամ համայնքային պաշտոնյաների անտարբերությանը։ Մեկ օրինակ նշեմ, որ պարզ լինի․ 2023 թ․ նոյեմբերին մենք ներկայացրեցինք տեղահանված արցախահայերին բնակարանով և աշխատանքով ապահովելու ծրագիր (Արցախահայերին աջակցության նախագծեր — https://artsakhahay.com), ծրագիրն ուղարկեցինք Կառավարությանը, ստացանք խուսանավող պատասխան, որ հարցը կդիտարկվի Կառավարության ծրագրերի շրջանակներում, սակայն մեկ տարուց ավելի ոչինչ չարվեց։
Այսպիսի մոտեցմամբ պայմանավորված մենք հասկացանք, որ եթե անգամ բարեգործական նախագիծ ես անում, պետք է համառություն ցուցաբերես, որպեսզի պետական ինչ-որ պաշտոնյաներ բարեհաճեն դրանց ընթացք տալու։
Հիմա «Համահայկական կոնգրես» բարեգործական հասարակական կազմակերպությունն օրակարգում ունի ոչ պակաս կարևոր երկու նախագիծ․
«Նոր Գյումրի» սոցիալական բնակարանաշինության ծրագրով նախատեսում ենք հատուկ պայմաններով ամբողջությամբ լուծելու Գյումրու տնակային ավանների ու տնակներում բնակվող մարդկանց (2750 ընտանիք) բնակարանային ապահովման հարցերը։
Իսկ «Տուն հային» ծրագրով նախատեսում ենք հատուկ պայմաններով բնակարաններ ու տներ կառուցել ՀՀ բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր բնակարանային ապահովման խնդիր ունեն։
Մեր այս նախագծերի իրագործման համար մեզ անհրաժեշտ է վստահություն, որ պետությունն առնվազն չի խանգարի ու անհիմն խոչընդոտներ չի ստեղծի մեր առաջ։
Պարո՛ն վարչապետ, նշված և մեր կողմից իրականացվող այլ ծրագրերի մասին պատրաստակամ ենք հանդիպելու և ներկայացնելու բոլոր մանրամասնությունները, մենք մեր ողջ միջոցները պատրաստ ենք ներդնելու հանուն Հայաստանի Հանրապետության և հայության զարգացման։
«Համահայկական կոնգրես» բարեգործական ՀԿ նախագահ Արմեն Բադալյան
Կայք՝ https://armenbadalyan.com
Էլ․ փոստ՝ info@armenbadalyan.com
Հեռախոս՝ +37477704774, +17477747074
ԵՐԵՎԱՆ, ԼԵՌ ԿԱՄՍԱՐ 30/2
+37498326299, +37495326299, +37495352125
ԳՅՈՒՄՐԻ, ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ 22
+37494704774, +37499704774, +37498613042